ԲՐԻՔՍ-ի Կազանյան գագաթնաժողովն առանց չափազանցնելու կարելի է համարել Վլադիմիր Պուտինի վերջին տասը տարվա ընթացքում աշխարհաքաղաքական հիմնական հաջողություններից մեկը։ Ես չեմ մտաբերում նման մասշտաբի որևէ միջոցառում, որը կհավաքեր Ռուսաստանում ավելի քան 36 երկրների ներկայացուցիչների և 22-ից ավելի ղեկավարների մոլորակի տարբեր մայրցամաքներից՝ ոչ-արևմտյան և իրենց էությամբ հակաարևմտյան օրակարգերի շուրջ։ ԲՐԻՔՍ-ի Կազանյան գագաթնաժողովը ցուցիչ է, որ Մեծ յոթնյակի (քաղաքակրթական Արևմուտքի) հակադիր ակումբը, իր հստակ գլոբալ համակարգափոխ նպատակներով, վերջնականապես կայացել է։
Այս պահի դրությամբ ձևավորվել է․
- Սկզբունքային միասնական դիրքորոշում Արևմուտքից եկող բոլոր տեսակի պատժամիջոցների դեմ։ ԲՐԻՔՍ-ի՝ այս քաղաքակրթական ալյանսի առաջնահերթություններից է հակադրվել, մասնավորապես, ինստիտուցիոնալ ու արժեհամակարգային Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների կանոններին, որոնք, ըստ ԲՐԻՔՍ-ի անդամների, կիրառվում են, երբ երկիրը չի համապատասխանում Արևմուտքի արժեհամակարգային, աշխարհաքաղաքական և կառավարման մոդելի չափանիշներին։
- Սկզբունքային միասնական դիրքորոշում Արևմուտքի` մասնավորապես ԱՄՆ-ի ֆինանսա֊տնտեսական գերակայության ու ազդեցության դեմ՝ Արևմուտքից առանձին միջազգային վճարումների Bridge համակարգի ստեղծման միջոցով: Այս քաղաքակրթական այլանսի գլխավոր նպատակներից մեկը Արևմուտքի տնտեսաքաղաքական դոմինատությանը և ԱՄՆ դոլարի՝ միջաջգային առևտրային համակարգում գլխավոր արժույթ լինելուն վերջ դնելն է:
- Սկզբունքային միասնական դիրքորոշում, այսպես կոչված, «միջազգային հարաբերությունների դեմոկրատիզացման» և բազմաբևեռ աշխարհակարգի, քաղաքակրթական-ինստիտուցիոնալ Արևմուտքի ընկալմամբ զարգացման այլ՝ ոչ դեմոկրատական, ավտոկրատիկ մոդել ընտրած երկրների ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։
- Սկզբունքային միասնական դիրքորոշում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ստորին օղակների կառուցվածքի ռեստրուկտուրիզացիայի և «ներառելիության» վերաբերյալ։
ԲՐԻՔՍ-ից խոսելիս կոլեգաներս հաճախ ընդգծում են, որ միությունը ունի աշխարհի բնակչության 45%-ը և տնտեսության 35%-ը։ Սակայն այս քաղաքակրթական ալյանսի ֆենոմենը գլոբալ դինամիկայի ու տենդենցների ինստիտուցիոնալիզացիայի արդյունք է։ Վերջին առնվազն չորս հայուր տարվա մեջ արևմտյան երկրները միշտ եղել են առաջատար ու առաջադեմ բոլոր առումներով՝ արտադրողական պոտենցիալ, պետական, հանրային ու քաղաքական համակարգերի արդյունավետություն, տեխնոլոգիական նորարարություն, բարոյական նորմերի ու քաղաքակրթա-արժեհամակարգային խաղի կանոններ թելադրելու գլոբալ առաջադիմություն։ Վերջին քսան տարվա ընթացքում, սակայն, Արևմուտքի չորս հարյուր տարվա համապարփակ լիդերությունը սկսել է էականորեն զիջել արագորեն զարգացող և այդ մեծ անջրպետը կրճատող գլոբալ ոչ Արևմուտքին։ Առնվազն չորս հարյուր տարվա մեջ առաջին անգամ Արևմուտքը սկսել է հետ ընկնել իր գլոբալ հակաարևմտյան (ոչ ազատ) օպենենտներից, որոնք զարգանում են ավելի արագ, քան արևմտյան աշխարհը։ Չորս հարյուր տարվա մեջ առաջին անգամ, արևմտյան քաղաքակրթության մաս չհանդիսացող երկրների արտադրողական պոտենցիալը, կարծես, սկսել է գերազանցել արևմտյան աշխարհի արտադրողական պոտենցիալին։ Վառ օրինակներից մեկը ձևավորվող հակամարտային բազմաբևեռ աշխարհի զենքի և զինամթերքի քանակական ու որակական արտադրության մասշտաբներն են։ Հյուսիսային Կորեան իր ողջ իզոկացվածությամբ ավելի շատ հրթիռա-հրետանային ռազմամթերք է արտադրում ու մատակարարում Ռուսաստանին, քան, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից երկուսուկես տարի անց Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի տնտեսություններն են կարողանում արտադրել և մատակարարել Ուկրաինային՝ միասին վերցրած։
ԲՐԻՔՍ-ի ֆենոմենը նաև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ ռևիզիոնիզմին ձգտելու արդյունք է։ Պուտինյան էլիտայի ընկալմամբ, ԲՐԻՔՍ-ով քաղաքակրթական ու ինստիտուցիոնալ Արևմուտքի Սառը պատերազմում տարած հաղթանակի նկատմամբ ռուսական ռևանշի գլոբալ սկիզբը կարելի է համարել հաջողությամբ տրված։ Եվ սա հնարավոր է դառնում Արևմուտքի թողտվության և իրավիճակը սխալ ընկալելու, ապագա դինամիկաները ոչ ադեկվատ կանխատեսելու, ինչպես նաև Արևմուտքում կոլեկտիվ ու անհատական անելիքները նոր սառը-պատերազմյան պարադիգմայում -չպատկերացնելու հետևանքով։ Արևմուտքն իր պառակտվածությամբ ու ֆունդամենտալ չկողմնորոշվածությամբ «օգնում» է ԲՐԻՔՍ-ի կոնսոլիդացիային, հզորացմանն ու աշխարհին նոր, գլոբալ, ոչ ազատ ու հիերարխիկ խաղի կանոններ թելադրելու հարցում։
Եվ ամենակարևորը․Ռուսաստանի ԲՐԻՔՍ-ի հաջողությունը նաև ցուցիչ է, որ աշխարհաքաղաքականության մեջ հարձակողական ռեալիզմին համապատասխան վարքագիծը ունի թե՛ մտածելակերպային, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ ռեսուրսային ու հոգեբանական առավելություններ պաշտպանողական ռեալիզմի նկատմամբ։ Արևմուտքը խորապես նստած է պաշտպանողական ռեալիզմի մտածելակերպային ու տրամաբանական «ծուղակի» մեջ, որից դուրս գալ, ավաղ, ոչ մի դեպքում չի ցանկանում։
Էդուարդ Աբրահամյան